ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Խաղաքարտերը խառնվո՞ւմ են

Խաղաքարտերը  խառնվո՞ւմ են
02.12.2016 | 00:47

Չկա կայուն ոչինչ այս ծեր լուսնի տակ. սողոմոնյան այս իմաստնությունը, որ այժմեական է եղել մշտապես, վիբրացիաների փոփոխության մեր դարաշրջանում ահավոր մեծ արագություն է ձեռք բերել: Ռուս-թուրքական «մեղրամիսը» դեռ չսկսված` կրկին «սև կատու» անցավ կողմերի միջով: Պատճառը Սիրիան ու Ասադն են. ռուսական կողմի վերջին օրերի ձեռնարկներն ու առաջխաղացումը անկեղծության մղեցին Էրդողանին, և նա «խոստովանեց» այն, ինչ փորձագետներն ասում էին ավելի վաղ` Թուրքիայի նպատակը Սիրիայում Ասադի տապալումն է: Սա էլ իր հերթին ռուսական կողմին մղեց անկեղծության՝ Ռուսաստանը կազատագրի ոչ միայն Հալեպը, այլև Մոսուլը: Իսկ սա արդեն նոր խոսք էր կողմերի համար, ու Ֆրանսիան պահանջեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել` Հալեպում հումանիտար աղետը կանխելու, Ռուսաստանին «խեցգետինների ձմեռելու» տեղը ցուցանելու համար` մի կողմից, մյուս կողմից էլ` ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի միջոցով կրկին հասկացնելու՝ Ասադն իր համար անընդունելի եղել է ու կա:


Հետաքրքիր օրինաչափություն է նկատվում աշխարհաքաղաքական զարգացումներում` Օբամա-Թրամփ անցման, աշխարհի նոր քարտեզագրման այս օրերին, երբ կրկին առաջ է մղվում Ֆրանսիան: Հիշենք` Մերձավոր Արևելք «արաբական գարունների» մուտքի օրերին կրկին Ֆրանսիան էր խաղն առաջ տանում: Հասկանալի է, «կաղ բադիկ» Օբամայով ու նույնքան «կաղ բադիկ» Օլանդով Արևմուտքը փոքր-ինչ նահանջի իրավունք էր վերապահել Ռուսաստանին ու Թրամփին, սակայն ոչ Սիրիայի կապիտուլյացիայի գնով: Սա շատ երկարատև խաղ է, մենք դառնանք մեր դարդերին, որոնք, ի դեպ, նույնպես առնչվում են «կաղ բադիկ» Օլանդին: Նաև՝ ղարաբաղյան զարգացումներին:
Այսպիսով, նույն օրը, երբ նախարարի պաշտոնում իր արտասահմանյան առաջին բեմելը Վիգեն Սարգսյանն սկսեց Ռուսաստանից, ուղիղ նրա սրտում կնքելով «լավ մոռացված հին պայմանագիրը»` ռուս-հայկական զորամիավորման մասին, դրանից առաջ էլ «Իսկանդերի» առնչությամբ Ադրբեջանը միանգամից «գտավ», որ Մինսկի խումբը «չարդարացված» գոյություն է քարշ տալիս (հիշենք, որ վերջին շրջանում ռուսական կողմն է այնտեղ եղանակ ստեղծում` հանդիպումների և «լավրովյան պլանի» մասով), Ռուսաստանն էլ, եթե շարունակի իրեն այդքան «հայամետ» պահել, իրենք կանդամակցեն այլ կառույցների, զորօրինակ` ՆԱՏՕ-ին:


Իհարկե, կարելի էր զավեշտը շարունակել ու ասել` մարդու իրավունքների հետ խնդիրներ ունեցող խանական Ադրբեջանին ՆԱՏՕ-ում «հույժ անհամբեր» են սպասում և Վրաստանից ու ՈՒկրաինայից առաջ «կընդունեն» ՆԱՏՕ, սակայն չունենք այդ ժամանակը ու պետք է դառնանք ֆրանսիական «առաջնահերթությանը», մեկ հիշեցմամբ. այս օրերին Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ ցանկություն կա «հանդիպեցնելու» Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին` ըստ ամենայնի քննարկելու արդեն ոչ թե «լավրովյան», այլ «օլանդյան» ծրագիրը:


Այո, Օլանդը, այն է` Արևմուտքը, որը, ի դեպ, նաև իր համանախագահներին է փոխում Մինսկի խմբում, փորձում է Սիրիայում առաջ գնացող Ռուսաստանի ձեռքից վերցնել ղարաբաղյան խնդրի կարգավորման առաջնահերթությունը և նոր առաջարկություններով հանդես գալ, ինչն իսկապես հետաքրքիր է, սակայն ընդամենը փաստն արձանագրելու առումով: Իրականում, մինչ այս պահը, նախ` ձեն-ձուն չկա նախագահների հանդիպման հնարավորության մասին, և հետո` եթե անգամ այդ հանդիպումը տեղի ունենա, այն չի տարբերվի նախորդ բոլոր հանդիպումներից` «պտիչկա» դնելու առումով:


Ի դեպ, տեսակետ կա նաև, որ այդ առաջարկները Օլանդը Սերժ Սարգսյանի հետ կքննարկի մարտին: Այո, մարտին սպասվում է Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա:
Հասկացա՞ք, թե՞ բացենք փակագծերը: Ախր մարտի 3-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են: Սերժ Սարգսյանը Ֆրանսիա է մեկնելու լեգիտիմացնելու դրանց արդյունքնե՞րը` հընթացս ունկնդրելով «կաղ բադիկ» Օլանդի ղարաբաղյան թեզերը, թե՞...
Հը՞:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1736

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ